ԱՄՆ-ն Ուկրաինային 4 մլն դոլար կհատկացնի զինամթերքի պահեստների կառուցման համար
Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան զինամթերքի պահեստավորման մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն ամերիկյան կողմը զինամթերքի պահեստների կառուցման համար պատրաստ է Ուկրաինային 4 միլիոն դոլար հատկացնել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունն իր պաշտոնական կայքում:
Միջոցները կհատկացվեն հաջորդող երկու տարիների ընթացքում: Դրանք նախատեսվում է ծախսել ամունիցիայի վեց անվտանգ պահեստների կառուցման համար, ինչի շնորհիվ Ուկրաինան կմոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն վերջին 16 տարիներին ավելի քան 40 միլիոն դոլար ներդրում է արել Ուկրաինայում հնացած խորհրդային արկերի վերամշակման ծրագրերում:
Հունիսի 18-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 250 մլն դոլար կհատկացնի պաշտպանական ոլորտում օգնություն ցուցաբերելու համար: 2014 թվականից ի վեր Վաշինգտոնը 1,5 մլրդ դոլար է ծախսել Կիևին օգնելու համար։