Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զորավարժությունների ժամանակ արձակված արկի՝ Գյանջայի տներից մեկի վրա ընկնելու մասին տեղեկությունը (լուսանկարներ)
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա, գրում է Minval գործակալությունը:
Նախարար Զաքիր Հասանովը պարզաբանել է, որ արկն արձակվել է Գյանջայի մոտակայքում գտնվող Սեյֆալիի հրաձգարանից:
«Տանկերն ուսումնական արկեր են օգտագործել, մակետներն ուղղված են եղել դեպի սարերը: Արկն ընկել է ժայռի վրա և անդրադարձել: Հենց տեղեկացանք այդ մասին, զորավարժությունները դադարեցնելու հրաման տվեցի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ հարցը կրկին կքննվի, իսկ քաղաքացուն հասցված վնասը կփոխատուցվի բանակի հաշվին:
Օրերս հետապնդումների պատճառով Ստրասբուրգում բնակվող ադրբեջանական «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր դեպքի մասին, որը տեղի էր ունեցել հինգ օր առաջ: Որպես ապացույց նա համապատասխան լուսանկարներ էր տեղադրել: