Հարյուրավոր ցուցարարներ շարունակում են արգելափակած պահել Հոնկոնգի գլխավոր փողոցներն ու կառավարության շենքը
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ, որոնք դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը, շարունակում են արգելափակած պահել Հոնկոնգի գլխավոր փողոցները և կառավարության շենքը՝ չնայած, որ շրջանի ղեկավար Քերի Լեմը հրապարակավ ներողություն է խնդրել:
Ինչպես նշում է ria.ru-ն, անցած շաբաթ Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:
Անցած կիրակի մոտ երկու միլիոն ցուցարար, որոնք դեմ են օրինագծին, դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, ինչպես նաև ներողություն էին պահանջել վարչական շրջանի ղեկավարից: Դրանից մի քանի ժամ անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:
«Հարյուրավոր ցուցարարներ առավոտից շարունակում են արգելափակած պահել քաղաքի գլխավոր փողոցներն ու կառավարության գլխամասը: Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում ազատել ճանապարհներն ու հեռացնել բարիկադները»,-ասվում է ոստիկանության հայտարարությունում:
Հոնկոնգի բնակիչների բազմահազարանոց բողոքի ակցիան նոր թափ է հավաքում, քաղաքի փողոցներում բարիկադներ ու մետաղական արգելապատնեշներ են հայտնվել: Օրեր առաջ ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների դեմ, վերջիններս էլ փորձել էին պաշտպանվել անձրևանոցների միջոցով՝ միևնույն ժամանակ հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով:
Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: