Միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվում ենք. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Համարում եմ, որ այդ մարդիկ մոլորված են, ավելի ճիշտ՝ մոլորեցրել են նրանց, և դա կոնկրետ նպատակ է հետապնդել այն շրջանակների կողմից, որոնք մոլորեցրել են այդ մարդկանց և այդ մարդկանց վշտի վրա ինչ-որ նպատակներ հետապնդելով՝ օգտագործել են նրանց վիշտը: Այս մասին լարգրողների հետ զրույցում դատական նիստից հետո ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործով իրենց ուղղված մեղադրանքներին:
Ինչ վերաբերում է գործը բացահայտելուն, ապա նա հարցին հարցով պատասխանեց, թե կարծում եք, որ 40 օրում դա հնարավո՞ր է բացահայտել: «Ամենայն անկեղծությամբ եմ ասում, առաջին շահագրգռված մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն: Շատ ցավալի է, որ ինչ-որ շրջանակներ այդ ամենը փորձում են մեզ հետ կապել և ինչ-որ մարդկանց մոտ այդ տպավորությունն է ստեղծվում է»,- ասաց նա և նշեց, որ շատ վատ է, որ մի բան օդից կախված է լինում: Ամենից լավ բանը այն կլինի, որ բացահայտվի:
Tert.am-ի հարցին, թե մամուլում նշվում է, որ այս ակցիաների կազմակերպիչը դուք եք և նույնիսկ գումարներ են ներդրվում այս ակցիաների համար, Լևոն Քոչարյանը ասաց. «Եթե կան նման բաներ, խնդրում եմ ինձ էլ ասեք, որովհետև ինձ համար ցավալի կլինի, եթե մարդ գա այստեղ կանգնի, աջակցի գումարի համար»:
Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ Ռոբերտ Քոչարյանին դիմավորում են իր թոռները, իսկ ում գրկեն այդ տասը զոհերի հարազատները, Ռոբերտ Քոչարյանի որդին ասաց, որ այդ ամեը հուզական ֆոնի վրա է ասվում: «Ես շատ վատ եմ զգում, որ այդ մարդիկ այդ հնարավորությունը չունեն, բայց դա բերել միանգամից կապել մեզ հետ, մարդիկ այնքան համոզված են մի բանում, որ չեն ուզում մտածել, որ կարող է այդքան էլ այդպես չէ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իր ընտանիքի հարստությանը, ապա նա կոչ արեց բերել փաստեր, գործեր հարուցել եթե կան կասկածներ: «Եկեք այսպես պայմանավորվենք, միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվում ենք»,- ասաց նա: Նա պնդեց, որ հարստացել են արդար քրտինքով:
Ինչ վերաբերում է նրան, որ իր ընտանիքի անդամներից միայն ինքն է ներկա նիստին, նա ասաց, որ ինքն է խնդրել քրոջը, եղբորը չգալ նիստի: