Թբիլիսիում մտադիր են գեյ շքերթ անցկացնել
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 18-23-ը մտադիր են Անդրկովկասում առաջին գեյ շքերթն անցկացնել, գրում է apsny.ge-ն:
Վրաստանի պատրիարքությունը շքերթի առնչությամբ իշխանություններին ուղերձ է հղել՝ կոչ անելով թույլ չտալ միջոցառման անցկացումը և միաժամանակ ընդգծելով, որ իրենց համար բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է:
Պատրիարքության պնդմամբ՝ երկրի ԼԳԲՏ համայնքն արտասահմանյան երկրներին տեղեկություններ է փոխանցում իրենց կրած «հալածանքների» մասին և դրա միջոցով լուրջ ֆինանսական աջակցություն ստանում:
«Երբ փոքրամասնություն կազմող խումբը փորձում է իր դիրքորոշումը փաթաթել ամբողջ բնակչության վզին, դա ինքնին կտրուկ հակասական արձագանք է առաջացնում, քանի որ դա նպատակաուղղված գործողություն է, որը վիրավորում է մեծամասնության արժանապատվությունը, բռնանում նրանց ընտրության վրա և անկարգություններ ու դիմակայություն սադրում»,- ասված է պատրիարքության՝ իշխանություններին հղված ուղերձում: