Սաուդյան Արաբիայի արքայազնի քույրը թիկնապահին հրամայել է ծեծի ենթարկել Փարիզի իր բնակարանը վերանորոգող վարպետին
Հուլիսի 9-ին Փարիզում կմեկնարկի Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի քրոջ դատավարությունը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է AFP-ն:
Աղբյուրը նշել է, որ 2016 թվականի սեպտեմբերին արքայադուստր Հասսու բինտ Սալմանը հրամայել է իր թիկնապահին ծեծի ենթարկել Փարիզի իր բնակարանը վերանորոգող վարպետին:
AFP-ն մանրամասնել է, որ աշխատակիցը եկել է լուսանկարելու այն սենյակը, որը պետք է վերանորոգեր, սակայն բինտ Սալմանը կարծել է, որ նա լուսանկարում է բնակարանը լրատվամիջոցներին լուսանկարները վաճառելու նպատակով և թիկնապահին համապատասխան հրաման է տվել:
Ըստ աշխատակցի՝ թիկնապահը ծեծել է իրեն և վերցրել ֆոտոխցիկը, որից հետո ստիպել է համբուրել արքայազնի քրոջ ոտքերը: Նրան հաջողվել է այնտեղից դուրս գալ մի քանի ժամ հետո միայն:
2016 թ. հոկտեմբերի 1-ին արքայադստեր թիկնապահին մեղադրանք է առաջադրվել զինված հարձակման, ազատությունից ապօրինի զրկելու, կողոպուտի և կյանքից զրկելու սպառնալիքի համար: