ՊԵԿ փոխնախագահի՝ զինված ուժերում չծառայելու վերաբերյալ հրապարակումից հետո ՊԵԿ-ը Analitik.am-ի բանկային հաշիվների վրա կալանք է դրել
Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակել այն մասին, որ ՊԵԿ-ը ճնշումներ է գործադրում իրենց կայքի վրա՝ ՊԵԿ փոխնախագահի վերաբերյալ իրենց հրապարակումներից հետո: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:
«ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ զինված ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականացնել Analitik.am-ի նկատմամբ:
«Մեդիա Իդեա» ՍՊԸ-ն, որի շրջանակներում գործունեություն է ծավալում Analitik.am-ն, ուներ կուտակված հարկային պարտավորություններ, որոնց մասով կար բանավոր պայմանավորվածություն առ այն, որ ամեն ամիս մաս-մաս վճարվելու են: Ամիսներ շարունակ մենք առանց որևէ խոչընդոտի կատարել ենք մեր պայմանավորվածությունը, սակայն սույն ամսի 10-ին՝ այն բանից հետո, երբ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը «ՎԵՏՕ» քաղաքական շարժման շրջանակներում անդրադարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին՝ Սորոսի գրասենյակի կողմից ՀՀ արդարադատության նախարար նշանակվելուն և անդրադարձ կատարեց նրա ՀՀ Զինված Ուժերում ծառայությունից ազատվելու օրինականությանը, ՊԵԿ-ն իսկույն որոշեց առանց նախազգուշացնելու կալանք դնել Analitik.am-ի բանկային հաշիվների վրա»: