Կոտայքի մարզպետը Աբովյանի քաղաքապետին կլանային համակարգի մաս է համարում
Աբովյանում վերընտրված քաղաքապետ Վահագն Գեւորգյանը կլանային կառավարման մաս է կազմում։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով Աբովյանի ընտրություններից։
«Ես չեմ կարծում եմ, որ քաղաքացիները չեն լսել մեր գնահատականները քաղաքական սաբոտաժի մասին, գնահատականները քաղաքապետի կատարած աշխատանքների մասին: Ես պարզապես այդ քաղաքացիների մոտիվացիայի աղբյուրը չեմ կարող մեկնաբանել, տուրք տվեցին Վահագն Գեւորգյանի՝ որպես քաղաքապետ վերարտադրմանը։ Այո, ես ընդունում եմ այդ արդյունքները, քանի որ քաղաքացու քվեով ձեւավորված արդյունքներ են, բայց դրանից իմ գնահատականը չի փոխվում, Վահագն Գեւորգյանը Աբովյանում կլանային կառավարման մաս է կազմում, որովհետեւ նրա բազմաթիվ որոշումներ ուղղակիորեն հակասում են հողային օրենսգրքին, ՏԻՄ օրենսգրքին, ինչպես նաեւ՝ քաղաքացու ու պետության շահին, եւ դրանք կյանքի են կոչվել Վահագն Գեւորգյանի որոշմամբ կամ գործուն աջակցությամբ։ Իմ գնահատականը հիմնված է փաստերի վրա»,– նշեց մարզպետը։