Մանվել Գրիգորյանը ԲԿ-ից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, սակայն դեռ հայտնի չէ՝ նա կմնա ՔԿՀ-ում, թե ոչ (տեսանյութ)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Ըստ «Նաիրի» բժշկական կենտրոնի էպիկրիզի՝ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է շարունակել ստացիոնար բուժումը, իրեն բերել են «Երևան-Կենտրոն ՔԿՀ»,-նշեց Արսեն Մկրտչյանը:
Վերջինս նշեց սակայն, որ այս պային պարզ չէ, թե Մանվել Գրիգորյանը կմնա ՔԿՀ-ում, թե կտեղափոխվի:
«Ենթադրում ենք, որ փաստաթղթերին ծանոթանալով իրեն չեն ընդունի այդտեղ, այս պահի դրությամբ որոշվում է, թե ինչ անել:
Ադմինիստրացիան որոշում է ինչ անել, ինչպես հականում ենք, չեն ընդունի ՔԿՀ-ում»,-հայտնեց նա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: