Կարգին Հայկոն մտադիր է աղբահանության գործն ինքը անել. «Աղբահանությունը հետաքրքիր ոլորտ է»
Երևանի քաղաքապետն առաջիկայում մանրամասն անդրադառանալու է մայրաքաղաքի աղբահանության թեմային, հանրությանը ներկայացվելու է, թե ինչ է արվում այդ ոլորտում՝ ընթացքը և ապագան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Աղբահանությունը հետաքրքիր ոլորտ է, և շատ օպերատորներ ոչ միայն Երևանում, նաև ամբողջ աշխարհում հետաքրքրություն դրսևորում են։
Բոլոր հնարավորություններ կան, և մենք պետք է ընտրենք, թե դրանից որն է ամենահարմարը մեր քաղաքին»,– ասաց նա։
Հարցին, թե արդյոք «Սանիթեքին» տուգանելով՝ փորձ է արվում ետ ստանալ 5 «Կամազների» վրա ծախսած գումարը, Մարությանը պատասխանեց․ «Եթե թերանում է ընկերությունը, պետք է տուգանվի։ Եթե մենք գնած չլինեինք «Կամազները», նույն կերպ պետք է վարվեինք»։
Քաղաքապետը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի բոլոր գործողությունները բխում են «Սանիթեքի» հետ պայմանագրից․ «Բոլոր տուգանքները նույնպես ամրագրված են պայմանագրում, ինչ ամրագրված է պայմանագրում՝ մենք նույն պայմանները կատարում եք»։
Նա նաև ասաց, որ այդ պայմանների մեջ է մտնում, որ «Սանիթեքը» նկարի կատարած աշխատանքն ու լուսանկարները ուղարկի, եւ այդ մեխանիզմը գործել է միշտ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է հաջորդ խմբաքանակի՝ «Կամազների» գինը գանձել «Սանիթեքից»։ Այդ նպատակով մշակվելէ յուրահատուկ մեխանիզմ. քաղաքապետարանը «Սանիթեքին» է ուղարկում «համապատասխանության ծանուցում»՝ նշում այն հասցեն, որտեղ կա աղբահանության խնդիր, եւ «Սանիթեքը» պետք է աղբը վերացնի ու լուսանկարներ ուղարկի քաղաքապետարան, որ տարածքը մաքրված է։ Եթե լուսանկարներ չեն ուղարկվում, «ձախողման ակտ» է կազմվում, որի հիման վրա «Սանիթեքը» տուգանվում է։ Ընդ որում՝ տուգանքի չափը պրոգրեսիվ սկզբունքով աճում է՝ նախկինում տուգանել են 13, ապա՝ 26 միլիոն դրամ: