Սպասվում են ամենախայտառակ ընտրությունները սկսած 1991թ.
Մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական միավոր: Ուշադրություն դարձեք՝ ընդամենը երեք քաղաքական միավոր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 9-ն էր: ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Զարուհի Փոստանջյանի մի քանի օրական «Երկիր Ծիրանի» կուսակցությունըեւ «Ելք» կուսակցությունների դաշինքը:
ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունները հայտարարել են որ մայիսի 14-ի ընտրությանը չեն մասնակցելու: Բացի այդ Հայաստանում գրանցված է եւս մոտ 70 կուսակցություն, որոնք եւս մասնակցելու ցանկություն չեն հայտնել:
Այսպիսով, սպասվում է Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրությունը: Այս ընտրությունը կնմանվի կոմունիստական շրջանի ընտրություններին: Դժվար չէ կռահել, որ իրական մասնակցությունն էլ մոտ կլինի զրոյին:
Հիմա ոմանք միամտաբար «Ելքին» եւ Զարուհի Փոստանջյանի կուսակցությանը կոչ են անում եւս չմասնակցել խայտառակ միջոցառմանը, բայց արդեն իսկ պարզ է, թե վերոհիշյալ դաշինքի եւ կուսակցության վրա ինչ գործառույթ է դրված: Մնում է, որ ընտրողն արդեն ճիշտ հետեւություններ անի:
Թույլիկ քաղաքական դաշտի ամենալուրջ եւ կշիռ ունեցող կուսակցությունները հրաժարվեցին մասնակցել խայտառակ միջոցառմանը, բերելով տարբեր պատճառաբանություններ: Այսուհանդերձ, հասկանալի է, որ ապրիլի 2-ի խայտառակությունից հետո եւս մեկ նմանատիպ խայտառակության մասնակցելն առնվազն լուրջ չէր լինի:
Իսկ թե հիմա ինչպես իրենց մասնակցությունը կարդարացնեն «Ելքը» եւ Փաստանջյան զարուհին, արդեն իսկ նրանց խնդիրն է, իսկ ժողովուրդը վերջապես պետք է կարողանա վերլուծել այս ամենը եւ համապատասխան հետեւություններ անել:
Վարդան Մխիթարյան