Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայի Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Մասնավորեցվում է, որ գործն առնչվում է Ուկրաինայի էլեկտրաէներգիա արտադրող առաջատար ընկերություններից մեկում պաշտոնատար անձանց նշանակմանը: Ընկերության պաշտոնատար անձինք և դիտորդական խորհրդի անդամներն Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի և պետական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց հետ միասին, օգտագործելով ծառայողական լիազորություններն ու կարգավիճակը, բաշխել են ընկերության առանցքային պաշտոնները՝ միջոցների յուրացման նպատակով:
Ավելի վաղ Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյում՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունների հետ: