Վտանգավոր շրջադարձ
Մանկության տարիներին մի պատմվածք եմ կարդացել, բայց ցավոք ոչ հեղինակին եմ հիշում, ոչ էլ վերնագիրը: Բովանդակությունը հիշում եմ` մի փոքրիկ տղայի մասին էր:
Տղան ուշադիր հետեւում է, թե ինչպես է խաչմերուկում կանգնած ոստիկանը ձեռքին եղած փայտիկով կարգավորում երթեւեկությունը: Փայտիկով աջ ուղղությունն է ցույց տալիս` մեքենաները միանգամից ենթարկվում են եւ գնում դեպի աջ, ձախ ցույց տալու դեպքում միանգամից գնում են ձախ, ուղիղի դեպքում` ուղիղ:
Տղան մտածում է, որ ոստիկանը կախարդ է, իսկ ձեռքի փայտիկը կախարդական փայտիկ է: Դա շատ հետաքրքիր է թվում, տղան կլանված նայում է ու մեկ էլ սարսափած մտածում է: Իսկ ինչ կլինի, եթե հանկարծ ոստիկանը փայտիկով դեպի երկինք ցույց տա: Չէ որ մեքենաների համար շատ վտանգավոր կլինի:
Մի քանի օր առաջ այդպիսի մի փայտիկ պարզվեց մի ուղղությամբ, որով գնալը խիստ վտանգավոր է:
Այն առաջին հերթին հակասահմանադրական է, ինչպես նաեւ արտառոց է նրանով, որ գործադիր իշխանությունն ամբողջ կառավարությունով կազմակերպված խոչնդոտում էեւ փորձում է կազմաքանդել դատական իշխանությանը:
Որքան էլ դժգոհ լինեինք դատական համակարգից, սա դատական համակարգի լավացում չի, բարեփոխում չի: Կարծում եմ, մասնագետներն ավելի լավ կձեւակերպեն, բայց սա երկրի սահմանադրական կարգի կազմաքանդման ուղղությունն է: Զարմանում եմ, որ որոշ քանակությամբ մարդիկ այնուամենայնիվ գնացին այդ ուղղությամբ: Ցավոք, դպրոցականներ եւս մասնակցեցին:
Արտառոց է նաեւ այն, որ Ազգային Ժողովի պատգամավորները, փոխանակ նիստ հրավիրեին ու վարչապետից հարցնեին, հաշիվ պահանջեին, թե ի՞նչ ես անում, իրենք էին մասնակցում երկրի համար այդ վտանգավոր ակցիային: Ըստ երեւույթին նրանք կարծում են, թե իրենք միայն վարչապետի հանձնարարականները կատարողներ են, եւ երեւի չգիտեն էլ, որ նույնիսկ պարտավոր են երբեմն ընդիմանալ:
Բազմաթիվ լուրջ մարդիկ սպասում էին, որ երկրի նախագահը, ՀՀ Սահմանադրության համաձայն, լինելով պետության գլուխը, պարտավոր լինելով հետեւելու Սահմանադրության պահպանմանը եւ ապահովելու օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, հստակ ուղերձով հանդես կգա: Ցավոք, այդպես չեղավ: Չգիտեմ, արդյո՞ք նախագահը պլանավորում է ինչ-որ քայլեր այս ուղղությամբ, օրինակ` դիմել Սահմանադրական դատարան, սակայն նա պարտավոր է այս հարցով հստակեցնել դիրքորոշումը:
Ի դեպ, խնդիրը կարծես թե դիտավորյալ տեղափոխվում է այլ հարթություն, այն է` դատական համակարգը լավը չի, արդար չի, կառումպացված է եւ այլն: Լավ, իսկ ո՞վ է դեմ այդ համակարգը լավացնելուն, բարեփոխելուն:
Բայց արդյո՞ք դրա համար անհրաժեշտ է Սահմանադրություն խախտել:
Կարինե Մարտիրոսյան
Top-News.am