ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում նախաձեռնած գործողությունները
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը չի մեկնաբանում այդ հարցը: Այսպես է արձագանքել Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը՝ պատասխանելով Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած գործողություններին՝ դատարանի դռները փակելուն, դատական համակարգում հեղափոխություն իրականացնելու մասին հայտարարություններին:
«Ափսոսանքով տեղեկացնում ենք Ձեզ, որ Եվրամիությունը չի մեկնաբանի Ձեր նշած հարցը»,- նշված է պատասխանում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հրավիրված խորհրդակցությունում հայտարարել էր, որ եկել է դատական իշխանությունում «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը, որը պետք է արտահայտվի հետևյալում.
«1. Մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային վիճակի մասին, քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին:
2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն:
3. Բոլոր դատավորները, որոնք գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան:
4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական առաջնահերթություն է ՀՀ–ի համար:
5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ երկրի համար կենսական օրակարգը կյանքի կոչելու, ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է գնանք այդ քայլին: Եթե սրա համար անհրաժեշտ լինի համաժողովրդական հանրաքվե, պետք է գնանք նաև նման լուծումների»:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ այս օրակարգը քննարկել են ՄԱԿ-ի, ԵՄ և այլ ներկայացուցիչների հետ և ինքը հույս ունի, որ միջազգային գործընկերները կկանգնեն ՀՀ կողքին՝ իրապես անկախ, օբյեկտիվ դատական համակարգ ունենալու համար: