Հայ հեռուստադիտողներն ակտիվորեն քվեարկել են Սերգեյ Լազարևի օգտին
«Եվրատեսիլ-2019»-ի պաշտոնական էջում հրապարակվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքները: Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը Scream երգով գրավել էր երրորդ հորիզոնականը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լազարևն առավելագույն միավորներ ստացել է Սան Մարինոյի, Իսրայելի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Ալբանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Չեխիայի և Հայաստանի հեռուստադիտողների կողմից:
Ռուսաստանի ներկայացուցիչը ձայներ է ստացել նաև Գերմանիայից, Կիպրոսից, Հունաստանից, Սերբիայից, Վրաստանից, Չոռնոգորիայից և Պորտուգալիայից: Լազարևը պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ ստացել էր 125 միավոր և միայն 9-րդն էր, սակայն հեռուստադիտողների քվեարկությունը փոխել էր իրավիճակը:
Հիշեցնենք, որ Թել Ավիվում կայացած մրցույթի հաղթող էր ճանաչվել Հոլանդիայի ներկայացուցիչ Դանկան Լոուրենսը` Arcade երգով: Երկրորդ տեղում Իտալիայի ներկայացուցիչ Մահմուդն էր` Soldi ստեղծագործությամբ:
Նշենք նաև, որ Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին ամենաբարձր` 12 միավոր էր տվել Շվեդիայի ներկայացուցչին: Ժյուրիի գնահատմամբ Լազարևն ստացել էր 5 միավոր: Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը չէր հաղթահարել երկրորդ կիսաեզրափակչի արգելքը: