Ուկրաինայի վարչապետը հայտնել է հրաժարականի որոշման մասին
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է հրաժարական տալու իր որոշման մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես չորեքշաբթի կառավարության հերթական նիստից հետո հրաժարական տալու որոշում եմ կայացրել»,- հայտարարել է Գրոյսմանը Կիևում ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելել է, որ նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի ազգին ուղղված ուղերձում պարտավորեցրել է կառավարությանը հրաժարական տալ:
«Պաշտոնավարման այս երեք տարիների ընթացքում ես չեմ ամաչում նրա համար, թե ինչպես ենք արձագանքել մեր առաջ եղած մարտահրավերներին, և ես առաջարկել եմ նախագահին, խորհրդարանին, որպեսզի միասին օրակարգ սահմանենք՝ շտապ ընդունելով որոշումներ, որոնք կհզորացնեն Ուկրաինան, սակայն նախագահն այլ ուղի ընտրեց:
Կարծում եմ՝ այսօր նա իր հայտարարությամբ իր վրա է վերցրել այն բոլոր սպառնալիքների պատասխանատվությունը, որոնք օրակարգում են»,- ասել է վարչապետը:
Գրոյսմանը հրաժարականի դիմումը կներկայացնի մայիսի 22-ին: Նա մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին: