Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց. նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները. Հայկ Ալումյան
Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց. դատական նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները: Այս մասին «Մարտի 1»-ի գործող մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Դատավորն արեց ամեն ինչ, որ տպավորություն ստեղծվի, որ մեր փաստարկները ջախջախվեցին: Իրականում մեր ոչ մի փաստարկին լուրջ հակափաստարկ չբերվեց: Այս գործն ամբողջությամբ կազմված է տպավորությունների վրա՝ գլխավորապես հանրության վրա»,- նշեց Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայտնեց, որ դատավարության վերջում դատախազների յուրաքանչյուր փաստարկի հետ կապված հայտարարություն ուներ, որի հնարավորությունը չտրվեց:
«Այս ամբողջ դատավարության ընթացքում ի՞նչ էին փորձում ասել, որ մենք կրկնում ենք յուրաքանչյուրս մեկս մեկի փաստարկները: Իրականում մենք չէինք կրկնում, նույն հանգամանքին տարբեր կողմերից էին անդրադառնում: Այն, ինչը արեցին դատախազները, դա բառացի կրկնություն էր: Յուրաքանչյուր դատախազ վեր կացավ և կրկնեց այն, ինչը դատավարության սկզբում ասել էր»,- ասաց Հայկ Ալումյանը: