Վարչական վարույթ է հարուցվել երեխաներին «ստիպողաբար» պատվաստելու համար
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը ներկայացրեց իր ներկայացրած կառույցի հարուցած վարչական վարույթը, ըստ որի՝ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչ Վրեժ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ դպրոցականներին առանց ծնողներին զգուշացնելու տանում են «Գարդասիլ» պատվաստելու: Նրա ահազանգին անմիջապես արձագանքել էր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և հայտարարել, որ այդ լուրերի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել:
ՀՀ ԱՆ ներկայացուցիչ պաշտոնյաները պահանջել են կարճել վարույթը, քանի որ նույն ուսուցիչը հերքել է իր հրապարակումը: Սակայն Էդգար Խուրշուդյանի խոսքերով՝ իրենք չեն կարող լրատվամիջոցի հրապարակմամբ կարճել վարույթը, քանի որ կա երեխաներին պարտադրաբար պատվաստումների տանելու վտանգ: