Փռել ասֆալտի՞ն, թե ասֆալտ անել
Ո՞րն է ավելի հեշտ՝ փռել ասֆալտին, թե՞ ասֆալտ անել: Իհարկե, հեշտ է փռել ասֆալտին, հատկապես, երբ դա ասվում է փոխաբերական իմաստով: Իսկ ասֆալտ անելը ծախսատար է, ավելի բարդ:
Ո՞րն է ավելի հեշտ՝ տեսախցիկների համար մարդուն պարտադրել աշխատանքից ազատման դիմում գրել վատ տեղադրված դրոշի համար, թե՞ հետեւողական լինել բոլոր դրոշների հարցում: Պարզ է, որ ավելի հեշտ է մի անգամ, բոլորի ներկայությամբ մարդուն նվաստացնել, վիրավորել եւ աշխատանքից ազատել:
Օրերս Երեւանի շատ ու շատ փողոցներում եւ հրապարակներում տեղադրվել էին Հայաստանի դրոշները: Որոշ տեղերում տեղադրվել էր մեկ այլ երկրի դրոշ: Բանն այն է, որ Հայաստանի դրոշի գույններն են կարմիրը, կապույտը եւ նարնջագույնը, իսկ Երեւանում տեղադրված բազմաթիվ դրոշներ նարնջագույնի փոխարեն ուներ վառ դեղին գույն:
Ո՞վ սրա համար դիտողության արժանացավ, աշխատանքից ազատվելու դիմում գրեց: Որեւէ մեկը սրա համար անգամ թեթեւ դիտողության չարժանացավ: Հիմա դրոշն այլեւս այնքան սիրելի չէ, որքան ապրիլի ինին, որքան Նորագավիթում:
Ինչ վերաբերում է ասֆալտին, ապա օրերս հարյուր փաստ հիշատակած վարչապետը բառ անգամ չասեց, թե ինչ տխուր, խայտառակ վիճակում է Դիլիջան-Իջեւան ճանապարհահատվածը, որը միջպետական կարեւոր ճնապարհի մի կարեւոր մասն է:
Լուսանկարում պատկերված ճանապարհը գտնվում է Իջեւանի կենտրոնական հատվածում: Այն Իջեւանի ամենալավ ասֆալտապատված հատվածն է: Հիմա սրա համար որեւէ մեկը պատասխան տալու է, թե՝ ոչ:
Այն հարյուր փաստերից որեւէ մեկը չօգնե՞ց, որ գոնե Երեւան-Իջեւան ճանապարհը կարգի բերվի, որ Իջեւանի ամենագլխավոր փողոցը, որը միաժամանակ նաեւ միջպետական ճանապարհի մի հատվածն է, կարգի բերվի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am