«Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է իմ մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին բելառուսական «Белсат TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է իրեն այդ երկրների տարածք չթողնելու հարցը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Սաակաշվիլին հույս ունի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում որևէ պաշտոն զբաղեցնելու, Վրաստանի նախկին նախագահը պատասխանել է, որ իր՝ քաղաքականություն վերադառնալու հարցը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը:
Սաակաշվիլին ևս մեկ անգամ հաստատել է Ուկրաինա վերադառնալու իր ցանկությունը՝ նշելով, որ իրեն այդ երկրից ապօրինաբար են արտաքսել, ինչպես Վրաստանի դեպքում:
«Պուտինը ոչ միայն Վրաստանում իր դրածոների հետ է պաշտոնապես քննարկում ունեցել, ոչ միայն Պորոշենկոյին պաշտոնապես կոչ է արել ինձ Ուկրաինայից արտաքսել, այլև Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ է քննարկել իմ մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը: Սա անարդար իրավիճակ է. ես ամբողջ աշխարհում կարող եմ շրջել, ինչո՞ւ չեմ կարող վերադառնալ Թբիլիսիի կամ Կիևի իմ տուն: Արդարությունը պետք է վերականգնվի», - ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013թ.-ին նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի լրանալուց հետո և այլևս հայրենիք չի վերադարձել: 2015թ.-ին նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհվել, որից նախկին նախագահը զրկվել է 2017 թ.-ին: Այնուհետև Սաակաշվիլին վտարվել է Ուկրաինայից, և այժմ գտնվում է Նիդեռլանդներում: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը մինչև 2021 թ.-ը արգելել է նրա մուտքը երկիր: