Անմեղության կանխավարկածի խախտման վտանգներ եղել են. Թաթոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Անմեղության կանխավարկածի խախտման վտանգներ եղել են եւ դրանք մեր կողմից արձանագրվել են, որ կանխակալ գնահատականներ են տրվել թե երկրորդ նախպագահի, թե Մանվել Գրիգորյանի գործերով: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հարցին, թե արդյոք անմեղության կանխավարկածի խախտում եղել է Քոչարյանի մասով, թե ոչ, պաշտպանը նշեց, որ հունիսին ինքը հայտարարություն է արել այդ մասով եւ ասել, որ խնդիրներ են արձանագրվում անմեղության կանխավարկածի հետ կապված։ «Ես նշել էի, որ պաշտոնատար անձինք՝ հատկապես հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարությունում, որովհետեւ դա կարող է վնասել նաեւ այդ գործին, որն իրականացվում է։
Հիմա ուզում եմ նորից այս հարցը բարձրացնել եւ խնդրել բոլորին, որ հետեւեն անմեղության կանխավարկածի սկզբունքին, դա կարեւոր նշանակություն ունի, հատկապես նաեւ պետության կողմից առաջ քաշված խնդիրները լուծելու համար»,-ասաց նա։
Թաթոյանը հավելեց, որ անմեղության կանխավարկածի հետ կապված կան տարընկալումներ այդ թվում նաեւ պետական մարմինների կողմից արվող հայտարարություններում: