Զելենսկին կարճատեւ հանգստի է մեկնել Թուրքիա
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին 2 օրով մեկնել է Թուրքիա հանգստանալու: Նա այս մասին հայտնել է Facebook-յան իր էջում:
«Պայմանավորվել ենք թափանցիկ լինել: Դե ահա: Թռչում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ ամենամյա «Ուրախ է» փառատոնին: Իսկ ինքս երկու օրից հետ կգամ: Չորս ամսվա մեջ առաջին հանգստյան օրերն են: Բոլորիդ ջերմություն, առողջություն եւ նորմալ հանգիստ եմ մաղթում»,- նշել է Զելենսկին:
Նա լուսանկար է տեղադրել, որի հետին պլանում օդանավն է երեւում:
«Ուրախ է» ամենամյա փառատոնը, որը կազմակերպում է «Կվարտալ 95» ստուդիան կանցկացվի արդեն 15-րդ անգամ: Ապրիլի 30-ից մայիսի 7-ը դրա մասնակիցներին եւ հյուրերին ընդունում է թուրքական Բորդումը:
Հիշեցնենք, որ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից առաջադրված թեկնածու Վլադիմիր Զելենսկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 73,33 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է 24,45 տոկոս: