Երբեմն լռելն ավելի ճիշտ է
Դավիթ Սանասարյանը, որի դեմ քրեական գործ է հարուցվել, եւ որը փաստացի հեռացվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից, որոշել է հերթական ֆեյսբուքյան գրառումն անել, այս անգամ քննադատության ենթարկելով Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրած Միհրան Պողոսյանին:
Դավիթ Սանասարյանը որի դեմ, ինչպես իր իսկ պաշտպաններն են ակնարկում, գործ է կարվել, առանց դատարանի որոշման որակումներ է տալիս մեկ ուրիշ մարդու, որի դեմ կրկին քրեական գործ է հարուցված: Էլ փսլնքոտ, էլ հանցագործ: Այստեղ ուզում ես ասել՝ գոնե հիմա լռիր:
Սապատավորին գերեզմանը կուղղի: Մտածում ես, թե ինչով է առաջնորդվում Դավիթը, որը նեղության մեջ գտնվող մարդուն որակումներ է տալիս: Պարտադիր չէ, որ Սանասարյանը հիանա Միհրան Պողոսյանով, պարտադիր չէ, որ հարգի նրան, բայց պարտադիր է, որ հարգի նրա իրավունքները, պարտադիր է, որ որակումներ չտա:
Երբ շատերը, Դավիթ Սանասարյանի համար դժվարին այս փուլում ուզում են նրան աջակցել, ուզում են սատարել, նման գրառումներ տեսնելով, հաստատ հետ կքաշվեն: Իրոք, դժվար է կանգնել մի մարդու կողքին, որը մեկ ուրիշին փսլնքոտ է անվանում:
Ժամանակն է, որ մեր երկրում վերջ տանք մենք մեզ դատավոր կարգելու սովորույթին, վտանգավոր սովորույթին: Դավիթ Սանասարյանը հաստատ տեղյակ չէ, թե ինչ շարժառիթներ են Պողոսյանին ստիպել դիմել քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Գուցե նրա կյանքին վտանգ է սպառնում, գուցե այլ հիմնավոր պատճառներ կան:
Երբեմն լռելն ավելի ճիշտ է եւ օգտակար: Եւ սա հենց այս դեպքն է: Դավիթ Սանասարյանին մտերմաբար կոչ ենք անում վերջ տալ այս ոճին, վերջ տալ սրան եւ նրան որակումներ տալուն: Ժամանակն է, որ հասունանանք, որ պետությունն էլ որակական առաջընթաց ապրի:
Ինչ վերաբերում է սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներին, ապա Թուրքիան հաստատ դրանցից է: Եւ հիշեք քանի թուրք սպա վերջին տարիներին քաղաքական ապաստան խնդրեցին Հունաստանից:
Վարդան Մխիթարյան
Top-News.am