«Ադրբեջանը պատրաստ է նավթի մատակարարման հարցում օգնել Բելառուսին». Բելառուսում Ադրբեջանի դեսպան
Ադրբեջանը պատրաստ է նավթի մատակարարման հարցում օգնել Բելառուսին, եթե այդ երկրի կողմից նման խնդրանք հնչի, այս մասին belta.by-ի հետ զրույցում հայտնել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովը:
Պատասխանելով Ադրբեջանի՝ Բելառուս նավթ մատակարարելու հնարավորության մասին հարցին՝ դեսպանը նշել է, որ դրա համար որևէ խոչընդոտ չի տեսնում:
«Դժվարին պահերին մեր ժողովուրդները միշտ օգնել են միմյանց, և դա մեզ միավորում է: Մենք միշտ միմյանց ձեռք ենք մեկնել: Եթե անհրաժեշտ լինի, Ադրբեջանը պատվով կկատարի իր եղբայրական պարտքը: Կասկած չկա, որ երկրների ղեկավարներն այդ հարցում ընդհանուր հայտարարի կգան»,- ասել է Գանդիլովը:
Դեսպանը միաժամանակ նշել է, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանից Բելառուս նավթի տեղափոխման հետ կապված բարդությունները: Նրա խոսքով՝ տեղափոխումը կարող է իրականացվել Սև ծովի նավահանգիստներով:
Հիշեցնենք, որ Բելառուսը ռուսական նավթի անորակության պատճառով դադարեցրել էր բենզինի և դիզելային վառելիքի՝ բալթյան երկրներ, Լեհաստան և Ուկրաինա արտահանումը: Երկրի կառավարությունը պատրաստվում է մինչև տարեվերջ նավթի ներկրման այլընտրանքային միջոց գտնել:
Ավելի վաղ հնարավոր տարբերակների թվում Բելառուսական նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը նշել էր Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից և Նիգերիայից մատակարավող նավթամթերքը: