Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումները ծրագրվել են 7-8 տարի. նախկին նախարար
Շրի Լանկայի տարածաշրջանային զարգացման նախկին նախարար, քաղաքական գործիչ Սարաթհ Ֆոնսեկան հայտարարել է, որ կղզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը ծրագրվել է առնվազն 7-8 տարի, հաղորդում է Reuters-ը:
Միևնույն ժամանակ Շրի Լանկայի խորհրդարանի անդամ, բարձրագույն կրթության և ավտոճանապարհների նախկին նախարար Լակշման Կիրիելլան հայտարարել է, որ գաղտնի ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք դիտավորյալ թաքցրել են ահաբեկչության մասին տեղեկատվությունը:
Նրա խոսքով՝ ապրիլի 4-ին Հնդկաստանի գաղտնի ծառայությունների կողմից եկեղեցիների, հյուրանոցների և քաղաքական գործիչների նկատմամբ ծրագրվող հարձակումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել: Այս մասին խոսվել է ապրիլի 7-ին՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը ղեկավարել է Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան, սակայն տեղեկությունը գաղտնի է պահվել:
«Ինչ-որ մեկը վերահսկում է գաղտնի ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներին»,- եզրակացրել է նախկին նախարարը՝ կոչ անելով հետաքննություն իրականացնել այդ առնչությամբ:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ որոտացած ութ պայթյունի հետևանքով 359 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ: Ահաբեկչության առնչությամբ շուրջ 60 մարդ է ձերբակալվել:
Ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի իրականացման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ խմբավորումն իր պատասխանատվության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել: