Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու պատշաճ գնահատական չտալն է, որ հանգեցրեց այլ ցեղասպանությունների․ Արման Թաթոյան
Սա այն օրն է, որ մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին իրենց օրրանից, սպանվեցին, խոշտանգվեցին, ոչնչացվեցին նյութական ու հոգևոր արժեքները։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության համար պետք է կարևոր նշանակություն ունենա։
«Սա մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է, չդատապարտելը կամ պատշաճ գնահատական չտալը, սխալ է»,- ասաց նա։
Ըստ Թաթոյանի՝ ապրիլի 24-ին փաստվում է հայի միասնականությունը, քանի որ այս օրը Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչում են ամբողջ աշխարհում գտնվող մեր հայրենակիցները։
«Մարդու իրավունքների տեսանկյունից էլ այս օրը կարևորագույն նշանակություն ունի, որովհետև սպանվել են հարյուր հազարավոր մարդիկ, խոշտանգվել են, տեղի է ունեցել սեփականության իրավունքի բիրտ ոչնչացում, տեղահանում։ Այս ամենի դատապարտումը կարևոր է մարդու իրավունքների տեսանկյունից, որ հետագայում կանխարգելվի նման գործելաոճը։ Կարծում եմ՝ ժամանակին չդատապարտելն ու պատշաճ գնահատական չտալն է, որ հանգեցրեց այլ ցեղասպանությունների»,- ընդգծեց ՄԻՊ-ը։
Արման Թաթոյանը, խոսելով սեփականության իրավունքի ու փոխհատուցման հետ կապված խնդիրների մասին, շեշտեց, թե կարևոր է քաղաքական ակտիվությունը։
«Կոնկրետ դեպքում ԱԳՆ-ի ակտիվությունն է կարևոր, մեր դիվանագետները, կարծում եմ, որ ջանքեր գործադրում են։ Կարևոր է նաև իրավական գործընթացը, որը կարող է տարբեր կառույցներով նախաձեռնվել։ Հիմա էլ տեղի է ունենում նման գործընթաց, մենք համատեղ միջոցառումներ ունենք ԱԳՆ-ի հետ, ես՝ որպես ՄԻՊ, տարբեր հարթակներում բարձրաձայնում եմ խնդիրը»,- եզրափակեց Արման Թաթոյանը։