«Իմ քայլի» փակ նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հարցը․ Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի օրակարգում օրենսդրական մի քանի նախաձեռնություններ ու քննիչ հանձնաժողովների ստեղծման հարցն է քննարկվել։ Այսօր նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն են տեսել մի քանի հարցերով։ «Օրինակ` հանքարդյունաբերության հետ կապված, ջրօգտագործման և այլն։ Սա նախնական քննարկում էր։ Երբ վերջնական տեսքի բերենք ծրագրերը, դրանից հետո տեղյակ կպահենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հարցն առաջացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորից հետ, երբ վերջինս խորհրդարանում բարձրաձայնեց, որ ԱԺ-ն իր ներուժը չի օգտագործում, և մի քանի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտություն կա, Լիլիթ Մակունցը նշեց, որ չէր ցանկանա, որ վարչապետի հայտարարությունը քննարկվի հանդիմանանքի համատեքստում։
«Իրականում, մենք բավական ինտենսիվ աշխատում ենք, և վարչապետի այդ ասածը խնդրում եմ որպես հանդիմանանք չընդունենք: Կառավարության հետ Ազգային ժողովը բավական կառուցողական, աշխատանքային հարաբերություններ ունի: Մենք պլանավորում էինք այդպիսի հանձնաժողովներ ստեղծել, պարզապես առաջնահերթությունները պետք է սահմանեինք: Այո՛, ես համաձայն եմ վարչապետի հետ, այն ներուժը, որն ունի ԱԺ-ն, մենք պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել, քանի որ վերահսկողական գործիքներ, հնարավորություն են տալիս մեզ հաջողություններ գրանցել»,- շեշտեց Լիլիթ Մակունցը։
Հարցին՝ արդյոք քննիչ հանձնաժողովներն աղմկոտ բացահայտումներ կանեն, որոնք կուղարկվեն նաև իրավապահներին, Լիլիթ Մակունցը նշեց, թե ոչինչ բացառել չի կարող։
Իսկ դիտարկմանը, որ նախորդ գումարման հանձնաժողովում կար քննիչ հանձնաժողով, որը քննարկում էր վարչապետին, ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին գաղտնալսելու հարց, հնարավո՞ր է կրկին նման հանձնաժողով լինի, Լիլիթ Մակունցը պատասխանեց, թե այս հարցը չեն քննարկել։
«Քննարկել ենք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են համայնքային զարգացմանը, հարկային ոլորտին և այլն»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։