ԱՄՆ-ում 14-ամյա աշակերտուհիները զանգվածային սպանություն են ծրագրել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է 14-ամյա երկու աշակերտուհի: Նրանք կասկածվում են զանգվածային սպանություն նախապատրաստելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել «Էյվոն Պարկ» միջնակարգ դպրոցում: Դեռահասների ծրագրերի մասին տեղեկացել է ուսուցչուհին և հայտնել ոստիկանությանը: Նախնական տվյալներով` աշակերտուհիները մտադիր էին սպանել 9 մարդու: Ուսուցչուհին նրանց տեսել է իր աշխատասենյակում` ինչ-որ թղթապանակ փնտրելիս:
Ուսուցչուհին պատմել է, որ լսել է աշակերտուհիների խոսակցությունը: Նրանցից մեկը նշել է, որ իրեն կանչելու կամ թղթապանակը գտնելու դեպքում կասեն, իբրև կատակում են: Ուսուցչուհին ավելի ուշ գտել է վերոնշյալ թղթապանակը: 8 էջից կազմված նամակում մանրամասն գրված է եղել, թե ինչպես պետք է սպանեն 9 մարդու և ազատվեն մարմիններից: