«Ես չեմ հանձնվում». այսօր սպասվող բանավեճից առաջ Պորոշենկոն տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր երեկոյան տեղական ժամանակով ժամը 19:00-ին սպասվող բանավեճի նախօրեին տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին: Տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի գործող նախագահի ֆեյսբուքյան էջում:
«Հինգ տարի առաջ դուք վստահեցիք ինձ: Ես սխալներ եմ գործել, սակայն հաստատ ամոթ չեմ զգում այդ 5 տարիների համար: Նայեք շուրջը՝ անայցագրային ռեժիմ, անկախ եկեղեցի, ուժեղ բանակ, ստարտափներ, երկիրը գրավիչ է միջազգային ներդրումների համար, առաջադեմ երիտասարդություն…Մենք վերածվում ենք հնարավորությունների երկրի»,- ասել է նա:
«Եվ հիմա եմ հասկացել, որ քիչ եմ ձեզ հետ խոսել, ես զբաղվել եմ երկրով: Եվ այդ պատճառով այժմ ես փորձում եմ բոլոր միջոցներով ձեզ հասնել: Կիրառում եմ մրցակցի մեթոդները, և հնարավոր է՝ անգամ անսովոր տեսք ունեմ, սակայն ես դրանից չեմ վախենում, եթե այդպես ինձ կլսեք: Ես չեմ հանձնվում և չեմ հանձնվի: Ես կպայքարեմ Ուկրաինայի համար որպես նախագահ, որպես թեկնածու և քաղաքացի»,- հավելել է նա ուղերձում:
Այսօր երեկոյան «Օլիմպիական» մարզահամալիրում կանցկացվի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ առաջին փուլի առաջատար, շոումեն Վլադիմիր Զելենսկիի և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանավեճը: