Դիտարկվում է համանախագահ երկրներից մեկում հանդիպում անցկացնելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին
Համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:
Այս մասին ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է՝ ի պատասխան ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու հավանականության մասին հարցին:
-Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին: Արդյո՞ք հաստատում եք այդ տեղեկությունը:
- Ինչպես գիտեք ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։
Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:
Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը։