Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում ներառվել են հայ գործարարներ
Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարները» ամենամյա վարկանշային աղյուսակը, որում ներառվել են նաև հայազգի մեծահարուստներ:
Մասնավորապես, 29-րդ հորիզոնականում է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանը՝ 3,7 մլրդ դոլար կարողությամբ:
Նրան հաջորդում է «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը 3,5 մլրդ դոլարով զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը:
Այնուհետև 2,3 մլրդ դոլար կարողությամբ գալիս է Badoo ծանոթությունների կայքի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց), որը զբաղեցնում է աղյուսակի 44-րդ հորիզոնականը:
Ներդրող, բարեգործ Ռուբեն Վարդանյանը 950 մլն դոլար կարողությամբ 103-րդ հորիզոնականում է:
Նրան հաջորդում են «ՌԵՍՕ-Գարանտիյա» ապահովագրական ընկերության համասեփականատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնք 800 մլն դոլարական կարողությամբ զբաղեցրել են 134-135-րդ հորիզոնականները:
Գործարար Սերգեյ Ավդոլյանը 700 մլն դոլար ցուցանիշով 146-րդ տեղում է:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների լավագույն եռյակին, ապա դրանում ներառվել են Լեոնիդ Միխելսոնը (24 մլրդ դոլար), Վլադիմիր Լիսինը (21,3 մլրդ դոլար) և Վագիթ Ալեկպերովը (20,7 մլրդ դոլար):