Հայաստանը 3.600 եվրո կվճարի «Ավակեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Հայաստանը 3.600 եվրո կվճարի Իրանի քաղաքացի Ավանես Ավակեմյանին «Ավակեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Ավակեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքն Ավանես Ավակեմյանը ներկայացրել է 2009 թվականին՝ Մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների պաշտպանության հռչակագրի 34-րդ հոդվածի համաձայն: Հայցվորը, մասնավորապես, պնդել է, որ իշխանությունները չեն իրագործել իր օգտին կայացված վերջնական վճիռները: Գործը վերաբերում է պարտքի վճարման հետ կապված անհատների միջև վեճին, որը չկարգավորվելու դեպքում այն պետք է իրագործեին դատական կատարածուները:
2005, 2007 և 2008 թվականներին դատարանի կայացրած վճիռները, որոնք դրական են եղել հայցվորի համար, չեն իրագործվել 2007 թվականի հոկտեմբերի 24-ից 2012 թվականի փետրվարի 13-ը, ինչը նշանակում է, որ դատական վճիռների չիրագործումը տևել է չորս տարի և երեք ամիս: Կառավարությունը չի տրամադրել փաստարկ այդ հետաձգումն արդարացնելու համար: Այդ պատճառով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի շարունակ չձեռնարկելով վերջնական վճիռներն իրագործելու համար անհրաժեշտ քայլեր, խախտել են մարդու իրավունքների հռչակագրի վեցերորդ հոդվածը, ինչպես նաև հռչակագրի համար 1 արձանագրության առաջին հոդվածը, որը երաշխավորում է սեփականության իրավունքը:
Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել նաև մարդու իրավունքների հռչակագրի 13-րդ հոդվածի խախտում, քանի որ նա չի ունեցել ներքին իրավական պաշտպանության միջոց՝ արագացնելու կատարողական վարույթը կամ ստանալու փոխհատուցում այդ վարույթի հետաձգման պատճառով առաջացած վնասների համար: