Էրդողանը ժողովրդի մեջ վախ սերմանելով, ձայներ է շահում. New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը, անդրադառնալով Թուրքիայում ապրիլին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին և նախընտրական քարոզչության ընթացքում իշխանության ներկայացուցիչների կիրառած հռետորաբանությանը, նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է ստեղծել երևակայական արտաքին թշնամիներ ու դրա հաշվին, մարդկանց մեջ վախ սերմանելով, ձայներ շահել:
«Հիմա էլ Եվրոպային է ընտրել՝ թուրքական սփյուռքի հետ հանրահավաքների թեմայի շուրջ կռվի համար: Այս մարտավարությունը կարող է նրան շատ ձայներ բերել, սակայն Թուրքիայի ապագայի համար կարող է վտանգավոր քայլ լինել՝ ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայի համար վտանգավոր են Էրդողանի ձգտումները»,- գրել է պարբերականը:
Ըստ The New York Times-ի՝ թուրք ժողովուրդը հանրաքվեին ընդառաջ պետք է լավ մտածի՝ արդյոք իսկապես ցանկանում է գնալ այդ չափազանց վտանգավոր քայլին, թե ոչ:
Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ հատկապես Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։