Վրաստանը պետք է Բրիտանիայի տեղը զբաղեցնի ԵՄ-ում. Զուրաբիշվիլի
Վրաստանը պետք է օգտվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, որպեսզի առաջ մղի իր անդամակցությունը կազմակերպությանը: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահը:
«Մենք հետևում ենք ստեղծված իրավիճակին` նպատակ ունենալով առավելագույնս օգուտ քաղել դրանից», – ասել է Զուրաբիշվիլին: Նրա խոսքերով, տրամաբանությունն այն է, որ այն երկրին, որը հետևողականորեն շարժվում է դեպի Եվրոպա, չի կարելի վատ վերաբերվել, քան այն երկրին, որն աստիճանաբար հեռանում է նրանից: «Եվրոպան միշտ առաջընթաց է արձանագրել՝ շնորհիվ լուրջ ճգնաժամերի»,-եզրահանգել է նա:
Նախագահ Զուրաբիշվիլին գտնում է, որ «Վրաստանը պետք է օգտվի այն պահից, որը կարող է տեղի ունենալ Brexit-ից հետո, որպեսզի «բացի» ԵՄ դռները:
Bloomberg-ը հիշեցնում է, որ 67-ամյա Զուրաբիշվիլին, ով դեկտեմբերին դարձավ Վրաստանի առաջին կին նախագահ, ծնվել է Ֆրանսիայում և, ինչպես ինքն է ասում, տարբերվում է իր նախորդներից հենց նրանով, որ «եվրոպացի է»:Քաղաքական գործիչը համոզված է, որ իր փորձն արդեն «դեր է խաղում» ԵՄ ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, քանի որ նա եվրոպացի գործընկերների հետ խոսում է ոչ այնպես, ինչպես իր նախորդները:
Գործակալությանը տված հարցազրույցում Զուրաբիշվիլին անդրադարձել է նաև Վրաստան -ՆԱՏՕ հարաբերություններին, այդ երկրի անդամակցությանը դաշինքին:
«Ռազմական տեսանկյունից մենք բացարձակ պատրաստ ենք: Եթե ստանայինք անդամակցության գործողությունների ծրագիրը, ապա պատրաստ կլինեինք մի քանի ամսից»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ չնայած Ռուսաստանի ագրեսիային և սադրանքներին, Վրաստանը չի փոխել իր վճռականությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:
Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին, ապա Զուրաբիշվիլին հստակ հասկացրել է, որ ուղիղ բանակցությունների իմաստ չի տեսնում: «Դուք չեք կարող պաշտոնական կամ ոչ պաշտոնական երկխոսություն սկսել այն երկրի հետ, որը զբաղեցնում է ձեր տարածքի 20% -ը, եթե հստակ նշաններ չկան, որ իրողությունը փոխվում է »,-հայտարարել է նա: