Մեքսիկայի նախագահը կոչ է արել Իսպանիայի թագավորին ներողություն խնդրել հնդկացիների բնաջնջման համար
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է ուղարկել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին և Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ պահանջելով ներողություն խնդրել Ամերիկայի նվաճման ժամանակ մայրցամաքի բնիկ ժողովուրդների սպանդի համար, գրում է Daily Mail-ը:
Նախագահը Մեքսիկայի՝ իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի կողմից նվաճման 500-րդ տարվան ընդառաջ Տաբասկո նահանգում մայաների բուրգեր է այցելել:
«Դա ներխուժում էր, չափազանց շատ անարդարություններ են եղել, եղել է ժողովուրդների հպատակեցում, որոնք ապրել են այն վայրում, որը մեզ այժմ ծանոթ է Ամերիկա անվամբ: Ես նամակ եմ ուղարկել Իսպանիայի թագավորին և մեկ այլ նամակ՝ Հռոմի պապին՝ կոչ անելով ներողություն խնդրել բնիկ ժողովուրդներից այն բանի համար, ինչն այժմ հայտնի է մարդու իրավունք անվամբ: Եղել են սպանություններ, ժողովուրդներին սեփական կամքի պարտադրում, նվաճումն իրականացվել է սրով ու խաչով, իսկ եկեղեցիները կառուցվել են հնդկացիների սրբավայրերի վրա»,- այցի ժամանակ հայտարարել է Լոպես Օբրադորը:
Նախագահն ընդգծել է, որ իրենք նույնպես մտադիր են ներողություն խնդրել «գաղութացման ավարտից հետո յակի, մայա և այլ բնիկ ցեղերի նկատմամբ ճնշումների և մեքսիկական հեղափոխության ժամանակ երկրում չինացիների բնաջնջման համար»:
Ավելի ուշ Իսպանիայի նախարարների կաբինետն արձագանքել է Մեքսիկայի նախագահի պահանջին:
«Հինգ հարյուր տարի առաջ ներկայիս մեքսիկական հողերը նվաճած իսպանացիների գործողությունները չեն կարող գնահատվել ներկայիս ըմբռնմամբ: Մեր եղբայրական ժողովուրդները միշտ կարողացել են մեր ընդհանուր անցյալը դիտարկել առանց զայրույթի և կառուցողական տեսանկյունից, ինչպես ընդհանուր ժառանգությամբ ազատ երկրներ»,- ասված է կառավարության հաղորդման մեջ:
Իսպանիայի նախարարների կաբինետը նաև ափսոսանք է հայտնել նրա համար, որ Լոպես Օբրադորի նամակի բովանդակությունը հայտնի է դարձել հանրությանը: