Ո՞վ կարող է որոշել, թե մեր երկրում ով տեղ ունի կամ չունի
«Նոր» Հայաստանում ոչ միայն տարօրինակ, հաճախ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում, այլ նաեւ հնչում են նույնքան տարօրինակ եւ միաժամանակ վտանգավոր հայտարարություններ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք կարող են, մեղմ ասած, բացասական հետեւանքներ ունենալ մեր երկրի համար:
Խոսելով կրթական համակարգի մասին, անդրադառնալով ռեկտորներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն»։
Ավելին, այսքանից հետո նա շեշտել է, թե սա իր շատ հստակ դիրքորոշումն է:
Այսպիսով, մենք բախվեցինք հերթական տարօրինակ եւ վտանգավոր հայտարարությանը, որը կարող է հերթական լուրջ խնդիրները եւ բացասական հետեւանքները թողնել մեր բազմաչարչար երկրում:
Իհարկե, չի կարելի կրթական համակարգը քաղաքականացնել, չի կարելի բուհերը, դպրոցները վերածել ինչ-որ կուսակցության բջիջների: Չի կարելի եւ վերջ, բայց չի կարելի բացարձակ միապետի գործառույթ ստանձնել եւ որոշել, թե ով Հայաստանում տեղ ունի, իսկի ով՝ ոչ:
Նախ սկսենք նրանից, որ դատարանում պետք է ապացուցվի, թե այս կամ այն ռեկտորը «կրթական համակարգը դարձրել է ինչ-որ կուսակցական բջիջներ»: Մի բան է հուզական հայտարարությունը, մյուս բան իրականությունը եւ իրավական հարթությունը:
Բացի այդ, որեւէ մեկը, այդ թվում եւ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Սյունիքի մարզպետը կամ Ազատամուտի գյուղապետն իրավունք չունեն որոշել կամ անգամ հայտարարել, թե ով տեղ ունի Հայաստանում, իսկ ով՝ ոչ:
Նույնիսկ եթե դատարանով ապացուցվի, որ այս կամ այն ռեկտորը «ուսանողների վրա դուռ է փակել», ապա նույնիսկ այս դեպքում չի կարելի որոշել նրա ճակատագիրը Հայաստանում:
Ոմանք, հատկապես այս հուզական մթնոլորտում կարող է վարչապետի հայտարարությունն ուղակի հանձնարարական ընկալեն եւ սկսեն ինքնադատաստանով զբաղվել: Պատկերացնո՞ւմ եք հետեւանքները: Փորձեք պատկերացնել:
Հայաստանում բոլորը տեղ ունեն: Նույնիսկ նրանք, ովքեր այսօր ազատազրկված են այս կամ այն դատավճռով, ովքեր կալանավայրում են, ովքեր այս կամ այն սխալն են թույլ տվել:
Որեւէ մեկն այս երկրի վրա ոչ սուրբ է ոչ հրեշտակ, ոչ էլ անմեղ: Չի կարելի երկիրը սեւի եւ սպիտակի բաժանել: Իսկ եթե մի օր, երբ լինի հերթական իշխանափոխությունը հայտնվի մի ղեկավար, որը հայտարարի, թե Հայաստանում տեղ չունեն նրանք, ովքեր վատ են ֆուտբոլ խաղացել կամ վատ վարչապետ են եղել կամ վատ նախագահ, վատ ուսուցիչ, վատ խոհարար, վատ զինվորական, վատ լրագրող ...
Վարդան Մխիթարյան
Top-News.am