Պորոշենկոն պարտվելու դեպքում կանվանափոխի կուսակցությունըւ եւ կգնա Ռադա
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 31-ի կամ ապրիլի 21-ի ընտրություններին պարտվելու դեպքում, կմասնակցի Գերագույն Ռադայի ընտրություններին, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նախագահի թիմում վստահ են, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ Պորոշենկոն կմնա քաղաքականությունում:
«Պյոտրն այն մարդը չէ, որը հենց այնպես անհետանա: Մյուսների համեմատ՝ նա բավականին երիտասարդ է եւ նա դեռ ունի հավակնություններ, որոնցից չի հրաժարվի», - ասել է գործող նախագահի շտաբի անդամը:
Պորոշենկոյի նկարագրված նախընտրական «ցանցը» կառուցում են միանգամից «թիրախ» դարձնելով եւ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:
Հաղորդվում է, որ Պորոշենկոն պատրաստվում է Ռադայի ընտրություններին գնալ «Պյոտր Պորոշենկոյի «Համերաշխություն» դաշինք» կուսակցության առաջին համարով: Բայց մինչ այդ կուսակցությունը կանվանափոխեն: Անվանումից կհանեն Պորոշենկոյի մասին հիշատակումը եւ կթողնեն միայն «Համերաշխությունը»:
Նախագահի շրջապատի զրուցակիցների խոսքով՝ նրա համար առավել անցանկալի տարբերակ է պարտությունն առաջին փուլում:
«Ավելի ցավոտ կլինի առաջին փուլում պարտվելը: Դա նշանակում է, որ բոլորը պետք է հավաքեն ճամպրուկները եւ մասնագիտական անպետքության պատճառով երկարատեւ արձակուրդ գնան: Երկրորդ փուլում պարտվելը հաճելի չի լինի, սակայն առաջին փուլի պարտությունը պարզապես աղետ կլինի», - խոստովանել է Պորոշենկոյի շտաբի անդամներից մեկը:
Ընտրություններին հաղթանակի դեպքում Պորոշենկոն ցանկանում է իր կուսակցության ցուցակի առաջին համարն առաջարկել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին:
Ըստ գործող նախագահի ծրագրի՝ «Համերաշխությանը» պետք է միանան նաեւ Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը եւ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը: Նա մտադիր է նաեւ պահել Վիտալի Կլիչկոյի «Հարված» խումբը: