Անընդունելի են քարոզարշավի ժամանակ Սամվել Բաբայանի և մեր դաշինքի նկատմամբ քաղաքական հետապնդումները. Ս. Օհանյան (Տեսանյութ)
Օհանյան-Րաֆֆի-Օսկանան դաշինքը գլխավորող նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենց դաշինքի նկատմամբ եղել են ճնշումներ՝ սկսած Ջրառատի, Էջմիածնի դեպքերից մինչև Սամվել Բաբայանի ձերբակալությունը:
«Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակիցը, մեր գործընկերը, տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորության սահմաններում աջակցել է մեզ և նրա իրավունքների պաշտպանության գործում մենք պետք է հաստատակամ լինենք և մինչև վերջ գնանք: Մեզ համար մի քանի բան անհասկանալի է՝ առաջին հերթին լրատվական դաշտում: Ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ-ի նյութերը հայտնվում են որոշ լրագրողների մոտ և նախօրոք լրատվական դաշտում նրանք տեղեկություններ են տարածում, որ կլինեն այսպիսի ձերբակալություններ, հետապնդումներ, իրավական գործընթացներ և երկրորդը՝ մեզ համար անհասկանալի է, որ կեղծ տեղեկություններ են տարածվում՝ չիմանալով, ինչ գործընթացներ կան, ինչպիսի փաստեր կան: Լրատվական դաշտում արդեն ձերբակալումից հետո ես խորհրուրդ կտայի զերծ մնալ այդպիսի տեղեկատվություններ ներկայացնելուց, ի վերջո մենք գտնում ենք, որ գործընթացը ապրիլի 2-ով չի ավարտվելու, մեր կյանքը շարունակվելու է, մենք գտնվելու ենք փոխադարձ հարաբերությունների մեջ, բոլոր քաղաքական ուժերի հետ»,- ասաց Օհանյանը:
Նա նաև նշեց, որ իրենք աշխատում են փաստաբանի միջոցով և համաձայն փաստաբանի՝ որևէ փաստ գոյություն չունի, և Սամվել Բաբայանը մեղադրանքը չի վերցրել իր վրա:
«Կարծում եմ¸ որ որևիցե մի առնչություն ինքը չունի և չեմ կարծում, որ կարող էր այդպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ այս ժամանակահատվածում: Եթե կան այդպիսի տեղեկություններ, թող տան, որ մենք էլ իմանանք, եթե չկան, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դրանք քաղաքական հետապնդումներ են և´ Սամվել Բաբայանի նկատմամբ, և´ մեր դաշինքի, ինչն անընդունելի է քարոզարշավի ժամանակ»,- ասաց նա:
Նա խոսքով՝ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դաշինքը ունի ուժ, վերահսկողությունից դուրս է և երկրում իշխանափոխություն կատարելու լուրջ դերակատարություն ունի: