Զելենսկին Ուկրաինայում ռուսաց լեզուն ճնշելու դեմ է հանդես եկել
Ուկրաինայի նախագահի թեկնածու, ընտրական մրցապայքարը գլխավորող շոումեն Վլադիմիր Զելենսկին համաշխարհային լրատվամիջոցներին տված հարցազրույցում երկրում ռուսերենը ճնշելու դեմ է հանդես եկել:
Զելենսկին նշել է, որ, Սահմանադրության համաձայն, ուկրաիներենը երկրի պետական լեզուն է, ընդ որում՝ օրենքով իշխանությունների պարտականությունների մեջ է մտնում նաև ռուսերենի, ինչպես նաև երկրում ազգային փոքրամասնությունների այլ լեզուների զարգացումն ու աջակցումը:
«Պետք չէ ճնշել նրանց (ազգային փոքրամասնությունների – Tert.am) լեզուները, պետք չէ ճնշել ռուսերենը»,- ասել է նախագահի թեկնածուն:
Զելենսկիի խոսքով՝ այժմ երկրի բնակչությունը «մեծ գոհունակությամբ» վերադառնում է մայրենի լեզվին, և հաջորդ սերունդն արդեն ամբողջովին ուկրաինախոս կլինի:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Ուկրաինայի գերագույն ռադան կյանքի բոլոր բնագավառներում բացառապես ուկրաիներենով հաղորդակցվելու մասին օրենք էր ընդունել:
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը քննադատել էր լեզվի մասին օերնքի ընդունումը: Նրա խոսքով՝ ուկրաինացիներին դե ֆակտո բաժանել են ուկրաինախոս քաղաքացիների ու «վտարանդիների», որոնց կրթություն ստանալու, բուժվելու և հանրային այլ ծառայություններից օգտվելու հնարավորությունները զգալիորեն կսահմանափակվեն: