Վարչապետ ընտրվելուց հետո հանդիպել եմ Էդվարդ Նալբանդյանի հետ, խնդրել ենք, որ գա ու մեզ տեղեկություններ հաղորդի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Արցախյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում հնչած հայտարարություններին ու երեք սկզբունքների մասին տարբեր մեկնաբանություններ են հնչում: Այս մասին մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ունենք տեքստ, ունենք տասնյակ մեկնաբանություններ: Մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու: Ադրբեջանի մեկնաբանությունը մեզ համար անընդունելի է: Այո, մենք էլ կարող ենք մեր մեկնաբանությունը տալ, բայց մեր խնդիրը լեզվակռիվը չէ, մենք ուզում ենք, որ համանախագահները, Ղարաբաղի, Ադրբեջանի ներկայացուցիչները միասին հասկանանք, թե այդ սկզբունքները գործնականում ինչ են նշանակելու: Մեկը դա մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Իսկ կարո՞ղ է լինել մեկ այլ մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն կամ Հայաստանի մաս: Իհարկե կարող է: Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, մենք իրար չենք հասկանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ խնդիրները, որոնք ինքը ձևակերպել է, եղել են Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ունեցած քննարկումների արդյունքում:
«Կան տարբեր մեկնաբանություններ՝ մի մասը հրապարակային, մի մասը ոչ հրապարակային: Կան միջազգային գործընկերներ, որոնք ասում են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեկ ուրիշն ասում է, որ չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Ես նոր մարդ եմ բանակցություններում, ես ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ: Վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մենք հանդիպել ենք, խնդրել ենք, որ ինքը գա ու մեզ տեղեկություններ հաղորդի: Այս գործընթացը շարունակվում է: Ասում էին՝ ի՞նչ եք խոսում Ալիևի հետ, դավադրության սցենարներ էին ներկայացնում: Ասել եմ, որ խոսակցությունը գնացել է բանակցային գործընթացի պատմության մասին, ես, որպես նոր մարդ, ունեմ բազմաթիվ հարցեր: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ պետք չի հասկանալ, եկել ես, նստի, մի կետից շարունակենք, բայց պետք է հասկանալ, ի՞նչ է նշանակում ամեն բառը, ամեն փուլը: Այս ամենը քմահաճույք չէ, անհրաժեշտություն է»,- մանրամասնեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ինքը ստացել է հսկայական տեղեկատվություն, այս գործընթացը շատ բարդ է, ունի բազմաթիվ նրբություններ և պետք է տիրապետել ամբողջ տեղեկատվությանը:
«Ալիևը տասնամյակներ բանակցությունների պրոցեսի մեջ է, Մինսկ խմբի համանախագահների գործն է դա: Միակ մարդը , ով նոր է, ես եմ: Երկխոսությունը դա է, նպատակը բազմաթիվ հարցեր պարզելն է, առաջիկա հանդիպումը առնվազն մեր ընկալմամբ նվիրված կլինի մի շարք պարզաբանումներ պաշտոնապես արձանագրելուն: Հսկայական տվյալներ կան՝ ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Քիվեսթում: Եթե բոլորը միաձայն ասեն, որ Կազանում եղել է սա, Քիվեսթում սա, ոչ մի հարց չէր ծագի, բայց ինչքան մարդ, այնքան մեկնաբանություն, դրա համար ծագում են հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: