Մերժել հինը, բերել նորը
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Երեւանի Ազատության հրապարակում օրերս սրճարանների ապամոնտաժումը եւ դրա դեմ հանրային որոշ շերտերի ընդվզումն ունի մի քանի հարթություն։ «Բնականաբար, այդտեղ կա նաեւ քաղաքական բաղադրիչ, որն ընդդիմությունն ուզում է օգտագործել։ Ինչ-որ առումով դա բնական է։ Իշխանությունն ուզում է ցույց տալ, որ կատարում է իր հեղափոխական խոստումներից մեկը։ Կա նաեւ երրորդ հարթությունը, որը կարեւոր է։ Ապրիլյան հեղափոխությունից հետո ձեւավորվեց նոր իշխանություն, որը փորձում է սպասարկել հանրային տրամադրությունները, այսինքն՝ մերժել հինը եւ բերել նորը։ Այստեղ էլ առաջանում են հարցեր, թե որն է նորը, այն պոպուլիստական խոստումնե՞րը, որ կվերադարձնեն թալանածը, կվերացնեն կոռուպցիան եւ այլն։ Հասկանալի է, որ դրանք պոպուլիզմ են։
Այդ ամենը պահանջում են երկարատեւ ջանքեր, ծրագրեր, աշխարհայացք, մասնագիտական հմտություններ։ Այդ ամենը դեռ չենք տեսնում, ցավոք սրտի։ Օպերայում տեղի ունեցած բախումը հետեւանքն է այն բանի, որ նրանք հակասեցին ինչ-որ մի խավի շահերին։ Ըստ էության, ստեղծվում են ոչ թե աշխատատեղեր, այլ նվազում են դրանք։ Մարդկանց մի փոքր շերտ դուրս եկավ, որպեսզի պաշտպանի իր շահերը։
Չգիտեմ՝ ուղղորդված են, թե ոչ՝ բայց կան ռեալ շահեր։ Կա կոնկրետ խնդիր, կան մարդիկ, որոնք ունեն կոնկրետ շահեր եւ պայքարում են։ Այդ պայքարը նոր երեւույթ է Հայաստանում։ Վաղը կարող են հավաքվել տաքսիստները, գյուղապետերը, տարբեր սոցիալական շերտեր։ Ռեալ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կարող է ձեւավորվել, եւ այն կարող է կոնկրետ շահեր սպասարկել։ Մեզ մոտ իշխում է այն կարծիքը, որ քաղհասարակությունը իրավապաշտպաններն են։ Իրականում դա կարող են լինել կրոնական խմբեր, արհմիություններ, տնտեսվարողների ճյուղեր։ Շատ կարեւոր է, որ ձեւավորվեն կոնկրետ միություններ, որոնք իմանան, թե ինչ են ուզում, ինչ են պահանջում, ինչպես են պայքարում իրենց պահանջների համար»,- նշեց Ստեփան Դանիելյանը։ Ինչ վերաբերում է Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժմանը, ապա Դանիելյանը կարծում է, որ պետք է այդ տարածքներն ազատվեն, սակայն պետք է գտնել լուծումներ, որպեսզի աշխատատեղերի խնդիրը լուծվի։