Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան. տարիներ ի վեր նրանք գերշահույթ են ապահովել. Երևանի քաղաքապետ
Տարիներ ի վեր այս տարածքը գրավված է եղել, այստեղ ստացել են գերշահույթներ, ամսական 90 հազար դրամ են վճարել տարածքի համար: Այս գումարով կարելի էր 7-րդ Մասիվում 1-2 սենյականոց բնակարան կվարձել:
Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Միգուցե աշխատողներին են հրահրում, չգիտեմ, կան այդպիսի մտքեր: Մենք ամեն ինչ անում ենք Երևանի համար, այստեղ ոչ մի անձնական շահ չկա: Մենք հետ ենք տալիս այս տարածքը մեր երևանցիներին: Սա լինելու է բոլորի տարածքը, ոչ թե մի խումբ մարդկանց տարածքը, ովքեր հարստանում են: Մեր թիմը վճռական է, ոչ մի շահ, բացի համայնքի շահից չենք հետապնդում»,- նշեց Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետն ասաց, որ մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որ վերականգնեն տարածքը, որովհետև բնությունը տուժել է, բետոն է լցվել: Ըստ նրա՝ Երևանում այգիներ կան, որոնք համայնքի սեփականությունն են, բայց մարդիկ այնտեղ հող ունեն սեփականաշնորհած, ուզում են տուն կառուցել:
«Մենք անելու ենք սա ամեն տեղ, որտեղ նորմերը խախտված են: Սա էտապային աշխատանք է, պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվեն այգիները, բայց չտուժեն տնտեսվարողները: Այդ ճանապարհը կա: Օպերայում նախատեսվում է, որ բոլոր սրճարանները պետք է դուրս գան: Եկեք հիշենք Սարյան փողոցը:
Սարյանն իր համար փողոց էր, վաճառվում էին համակարգիչներ ու տեսեք, թե ինչ կենտրոն է այն դարձել: Եթե սրճարանները մի տեղից դուրս են գալիս, չի նշանակում, որ մեկ ուրիշ տեղ չեն կարող լինել: Քաղաքը պետք է զարգանա համաչափ, ոչ թե ամեն ինչ լցված լինի մի տեղ, մնացած տեղերը թերզարգացած մնան: Մենք շարունակելու ենք աշխատանքները, վերականգնելու ենք: Քանդվել էր այն ժամանակ, հիմա մենք վերականգնում ենք»,- մանրամասնեց Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ սրճարանների գրանցված աշխատակիցների թիվը մոտավորապես մինչև 20-ն են: Հայկ Մարությանը նշեց, որ այգին նախատեսված է քաղաքացիներին հանձնել «սեզոնի սկզբին», հայտարարվելու է ճարտարապետական լուծումների մրցույթ, նախագծով կշարժվեն առաջ:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: Ապամոնտաժման աշխատանքները երեկոյան դադարեցվել են, վերսկսվելու են վաղը: