Սրճարանները փակում են, որ հետո բացեն
Երեկ Երեւանում կրկին աղմուկ-աղաղակ էր: Տեխնիկայով զինված քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին քանդել Ազատության հրապարակի հարակից սրճարաններից մի քանիսը: Քաղաքապետարանը բերում է քանդելու իր հիմնավորումները, իսկ սրճարանի փակման դեմ հանդես եկողները՝ իրենցը:
Կողմերից յուրաքանչյուրը պնդում է իր ճիշտը, դիմացինին մեղադրում տարբեր մեղքերի մեջ, բայց կենտրոնանականք ամենակարեւոր հարցի վրա: Ինչո՞ւ հենց հիմա եւ այսքան շտապ:
Միանգամից ասենք, որ անթույլատրելի էր կանաչ գոտում սրճարանների, այլ կառույցների, այլ շենքերի կառուցումը: Դա կոպիտ եւ անթույլատրելի սխալ էր: Զբոսայգիները պետք է ազատ լինեն ցանկացած տեսակի սրճարաններից եւ ռեստորաններից եւ տարատեսակ ակումբներից:
Առանց այն էլ մենք կանաչ տարածք քիչ ունենք, շատ քիչ ունենք: Այսպիսով, կանաչ տարածքները պետք է վերականգնվեն, բայց ինչպե՞ս: Այն գործելաոճը, որ ընտրել է քաղաքապետարանն անընդունելի է եւ անարդարություն է առաջացնում: Բնականաբար քանդվող սրճարանի սեփականատերերի ասում են, ինչու հենց մեր եւ ոչ այլ սրճարաններ, եւ այստեղ քաղաքապետարանը պատասխան չունի:
Քաղաքապետարանը նաեւ հստակ եւ հաստատված որոշումով չի պատասխանում նաեւ մեկ այլ հարցի՝ իսկ ինչ երաշխիք, որ այստեղ այլ սրճարաններ կամ նմանատիպ այլ կառույցներ մի օր նորից չեն հայտնվի:
Այս եւ այլ հարցերին պատասխանելու, մարդկանց աշխատանքից չզրկելու համար ընդամենը պետք է լուրջ որոշում կայացնել՝ այն է քսան տարվա ընթացքում քանդել բոլոր այն շինությունները եւ կառույցները, որոնք 1991թ. սեպտեմբերի 21-ից հետո կառուցվել են զբոսայգիներում, ընդ որում, անկախ դրանց չափսերից եւ տեսքից, անկախ նրանից, թե կառույցի համար որքան գումար է ծախսվել:
Այս որոշումից հետո պետք է բոլորին տեղյակ պահվի, թե ում սրճարանը, կառույցը երբ պետք է ապամոնտաժվի, իսկ ովքեր բողոքեն այդ որոշման դեմ թող դիմեն դատարան եւ փոխհատուցումը ստանան նրանցից, ովքեր իրենց թույլատրել էր շինարարություն սկսել զբոսայգում:
Կրկնում ենք, որոշումը պետք է վերաբերվի բոլոր զբոսայգիներին, բոլոր կանաչ տարածքներին, բոլոր կառույցներին: Եթե նման որոշում չի կայացվելու, ապա անարդար է քանդել մեկ, երեք կամ հինգ սրճարան: Նրանց հետ պետք է ընդամենը պայմանագրերը թարմացնել, որ ծիծաղելի գներով տարածք չզբաղեցնեն:
Եւ հատկապես հիմա, երբ համընդհանուր գործազրկություն , աղքատություն եւս մի քանի տասնյակ ընտանիքների զրկել գործից, այնքան էլ խելամիտ չէ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am