Համանախագահների հայտարարությունը մեսիջ էր, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից. Երվանդ Բոզոյան. տեսանյութ
Մի կողմից՝ ծայրահեղ բնույթի արձագանքներ, մտահոգության և խուճապի էլեմենտներ կան, մյուս կողմից էլ՝ ասում են`մտահոգվելու առիթ չկա: Ես կարծում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսն օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պոլիտէկանոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը`անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:
Բոզոյանը նշեց, որ փաստացի Ադրբեջանը սպառնացել է, և համանախագահներն զգացել են, որ պրոցեսը եթե այսպես գնա, հնարավոր է`բանակցությունները կանգ առնեն: «Նրանք համարեցին, որ պետք է հայտարարությամբ հանդես գան, որպեսզի բանակցային պրոցեսը չկանգնի, իսկ այդ հայտարարության իմաստն այն է, որ ֆորմատի փոփոխությունը չի ողջունվում համանախագահների կողմից: Սա մեսիջ էր Երևանին, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից: Մյուս կողմից՝ համանախագահների կոչն Ադրբեջանին էր նաև ուղղված, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառնալ ռազմական գործողություններով»,-ասաց նա և հավելեց, որ անձամբ ինքը չէր հավատում, որ ֆորմատի փոփոխությունը հնարավոր կլինի ի կատար ածել, որովհետև երկար տարիներ է՝ ինչ այս ձևաչափով են գնացել բանակցությունները:
«Պարզապես Փաշինյանը պետք է վերջապես գիտակցի, որ եթե ինքը ստանձնել է երկրի ղեկավարի դերը, ապա ինքը պետք է կարողանա վարել այս բանակցությունները: Եթե Հայաստանը պնդի, որ պետք է դուրս գա բանակցություններից, և իր տեղը մտնի ԼՂ-ն, ապա, բնականաբար, հաջորդ հարցը կարող է առաջանալ հետևյալը, որ եթե դու հրաժարվում ես բանակցային պրոցեսից և ուզում ես ամբողջ խնդիրը դնել Ղարաբաղի վրա, ուրեմն դուրս բեր քո զորքերը Ղարաբաղից»,-նշեց նա,- նշեց բանախոսը:
Նրա խոսքով`ճիշտ է, որ 1994 թվականին ընդունվեց հակամարտության կողմ, բայց դե ֆակտո ադրբեջանցիները Ղարաբաղի հետ երբևիցե ուղիղ բանակցությունների մեջ չեն եղել: «Սա պրինցիպյալ խնդիր դարձնելը, ճիշտն ասած, ես լավ չեմ հասկանում, սա ոչ թե բովանդակության, այլ ձևի խնդիր է»,-եզրափակեց Բոզոյանը: