Մեծ Բրիտանիան սեւ անցքով 50 փենսանոց է հատել Հոքինգի հիշատակին
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը 50 փենսանոց մետաղադրամ է հատել անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942-2018) հիշատակին՝ 27,2 միլիմետր տրամագծով սեւ անցքի պատկերով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BBC-ին։
Դրամի դիզայներ Էդվինա Էլիսի խոսքով՝ նա փորձել է «հսկայական սեւ անցքի մեջ ներկառուցել փոքրիկ մանրադրամը, ինչի վրա ակամա կծիծաղեր մեծ գիտնականը, եթե ողջ լիներ»։ «Նրան հաջողվում էր ամենաբարդ առարկաներն ու երեւույթները հասանելի եւ գրավիչ դարձնել լայն հանրության համար»,- հավելել է նա։
Հոքինգի պատկերը կարող է հայտնվել նաեւ 50 ֆունտ սթեռլինգ անվանական արժեքով նոր թղթադրամի վրա, որով Անգլիայի բանկը որոշել է նշել «Միացյալ Թագավորության ներդրումը գիտության մեջ»։ Տեսաբան ֆիզիկոսը նաեւ պոլիմերից դրամի վրա պատկերվելու հավակնորդների ցուցակում է, որը փոխարինելու է 1981-ին առաջին անգամ շրջանառության մեջ մտած ներկայիս թղթադրամին։