Ցուցարարների հետ հանդիպեց Ալեն Սիմոնյանը, խոստացավ խնդիրը քննարկել քաղաքական թիմի հետ
Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մարտի 11-ին, գազավորված ըմպելիքների հարկման նոր առաջարկի դեմ բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հարցը գալու է ԱԺ, քննարկելու ենք, եկել եմ լսելու ձեզ, որ հասկանալի լինի խնդիրն ինձ համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ այս նախագծի նպատակը միջին եւ փոքր բիզնեսը ոչնչացնելն է:
Տիգրան Հովսեփյանը ներկայացրեց, որ առողջապահական նկատառումներից ելնելով Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 100 գրամ ըմպելիքում 5 տոկոս շաքարը հաեւրկել ակցիզային հարկով: «Ասում են՝ մարդիկ գիրանում են»,- ասաց Տիգրան Հովսեփյանը:
Ալեն Սիմոնյանն էլ կատակեց. «Իբրեւ մենք շատ չաղ ազգ ենք»:
«Հայ կոլա» ընկերության տնօրենը նշեց, որ մեկ երեկոյի ընթացքում սկզբնական որոշված շաքարի պարունակության փոխարեն հետագայում որոշվել է հարկել բոլոր գազավորված ըմպելիքները։ Նա ԱԺ փոխնախագահին ներկայացրեց ֆինանսների փոխնախարարի գրած նամակը, որտեղ նշված էր, թե գազավորված ըմպելիքները, անկախ շաքարի պարունակությունից, ենթադրում են վնասակար սպառում:
«Երբ հուլիսի կամ սեպտեմբերի մեկից ակցիզային հարկը կիրառվեց, մեր ապրանքը 200 դրամի փոխարեն խանութ կմտնի 270-ից 300 դրամով, որից սպառումը կընկնի, ԱԱՀ չենք վճարի, եկամտահարկը պակասելու է, շահութահարկ չենք ունենալու եւ այլն: Եթե սա արվում է, որ միջին եւ փոքր բիզնեսը սնանկանա, խնդրեմ»,- ասաց գործարանի տնօրենը:
Ալեն Սիմոնյանը խոստացավ քննարկել հարցը ոչ միայն պատգամավորների հետ, այն նաեւ քաղաքական թիմի հետ։
«Ուզում եմ իմանաք` սա դեռ ընդամենը նախագիծ է, դեռ չի ընդունվել, ու չի նշանակում, թե ընդունվելու է»,- նշեց նա:
«Հայ կոլա» ընկերության տնօրենը նշեց, որ եթե նախագծի քննարկում լինի ազգային ժողովում, այնտեղ էլ են ցույց անելու եւ բողոքելու։
Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ապա նշվել է, որ խոսքը բոլոր գազավորված ըմպելիքներին է վերաբերում։ Սա հարուցել է գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների վրդովմունքը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am