Բաքվում հայտարարել են Ղարաբաղի հարցով արդյունավետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւային։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ։ Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին եւ միշտ պատրաստ է իրական բանակցությունների։ Ադրբեջանական կողմը սատարում է հակամարտությունը արդյունավետ եւ ինտենսիվ բանակցությունների ճանապարհով լուծելու համանախագահների ջանքերը»,- ասել է մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների պատրաստվող հանդիպման մասին միջազգային միջնորդների հայտարարությունը։
Խոսելով ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին՝ մամուլի քարտուղարն ընդգծել է բանակցությունների ձեւաչափը փոխելու անընդունելիությունը։ «Հակամարտության կարգավորման բանակցությունները տարվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բանակցությունների ձեւաչափը մնում է անփոփոխ»,- ասել է նա։
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը կարող է քննարկվել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման։