Ալիևը հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմի՝ «հակասական հայտարարություններն անընդունելի են և խոչընդոտում են բանակցային գործընթացին», գրում է minval.az-ը:
Նման հայտարարություն Ադրբեջանի նախագահն արել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ:
Ալիևը գոհունակություն է հայտնել մի շարք եվրահանձնակատարների` միջազգային նորմերի շրջանակում հակամարտության կարգավորման անհրաժեշտության, ստատուս քվոյի պահպանման և բանակցությունների ձևաչափի փոփոխության անթույլատրելիության մասին հայտարարությունների վերաբերյալ: Նրա խոսքով՝ բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն օրերս Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը «ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունի»: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել էր այդ հայտարարությունը՝ ասելով, որ այն միտված չէ խաղաղության: