Մամեդյարովը ՄԽ համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Արցախում արած հայտարարությունները
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Արցախի հակամարտության վերաբերյալ արած վերջին հայտարարությունները, որոնք անհանգստության պատճառ են դարձել Բաքվում:
Հիշեցնենք, որ օրերս Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը «ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունի»:
«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության: Օրինակ՝ ԱԱԾ ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես տվյալ հարցով այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ», - ասել է Մամեդյարովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ինքը խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին մոտ օրերս Երևան կատարելիք այցի ընթացքում բարձրացնել այս հարցը:
Մասնավորապես՝ Մամեդյարովը հայտնել է, որ ինքը խնդրել է Լայչակին հարց հղել ՀՀ իշխանություններին. «Մենք մեր ժողովուրդներին պատրաստելու ենք խաղաղությա՞ն, թե՞ այլ ուղղությամբ»:
Իր հերթին, Բաքվում գտնվող Լայչակն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է հակամարտության բոլոր կողմերի կողմից ընդունված բանակցային միակ ձևաչափը, և այդ ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ: