Անդրանիկ Քոչարյանը պետք է լուրջ զրույց ունենա Գագիկ Ջհանգիրյանի հետ
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ խոշորացույցի տակ պահել բանակում կատարվող հանցագործությունների դեպքերով քննությունը ու հետեւողական լինել դրանց արդարացի լուծման հարցում։
«Մարդու իրավունքների խախտումները բանակում եւ դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ նա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին վստահեցրեց, որ խորհրդարանը եւ մասնավորապես, իր ղեկավարած հանձնաժողովը գործելու է բաց, աշխատելու է քաղհասարակության «անկեղծ օղակների» հետ։
Քննարկման ընթացքում զինվորական գործերով փաստաբան Հայարփի Սարգսյանը մատնանշել է խնդիրներ Ռազմական ոստիկանության հետ կապված՝ ընդգծելով, որ որոշ գործերով ՌՈ-ում զինծառայողների են խոչընդոտել։
Փաստաբանի այս հայտարարությանն արձագանքելիս, Քոչարյանը նկատել է, որ ռազմական ոստիկանության հասցեին ծանր մեղադրանքներ են հնչեցվում, որոնք իր կողմից չեն անտեսվի։ Նա խոստացավ բարձրացված խնդիրները քննարկել պաշտպանության նախարարի հետ, դրանք վեր հանել ՊՆ կոլեգիայի նիստում։
Իհարկե լավ է, որ Անդրանիկ Քոչարյանը խոստացել է խոշորացույցի տակ պահել բանակում կատարվող հանցագործությունների դեպքերով քննությունը: Ողջունելի է, որ ցանկություն է հայտնում խնդիրները քննարկել պաշտպանության նախարարի հետ, բայց կարծում ենք, որ շատ ճիշտ կլինի, եթե նա շատ լուրջ զրույց է ունենա նաեւ Գագիկ Ջհանգիրյանի հետ, որը շատ հետաքրքիր մանրմասներ կարող է պատմել բանակում տեղի ունեցած հանցագործությունների մասին:
Խաղաղ պայմաններում զոհված կամ ոչ թշնամու գործողություններից զոհված զինծառայողների ծնողները սպասում են շատ հանցագործությունների բացահայտմանը, որոնք ժամանակին պետք է վերջնականապես ավարտին հասցվեին այն ժամանակ, երբ զինդատախազը հենց Ջհանգիրյանն էր:
Սկսեք իննսունականներից: Սկսեք Ջհանգիրյանի հետ զրույցից եւ եկեք հասեք մեր օրերը: Գործ, ցավոք, շատ կա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am